ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Լրանում է բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակը

Լրանում է բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակը
22.12.2015 | 16:44


Ասենք, սխալ ո՞վ չի արել,
Ո՞վ է կյանքն իր անթեք տարել,
Միայն թե ճիշտ ժամանակին,
Սխալ ճամփան ճշտով հատել
Կարենայինք:

Դեկտեմբերի 22-ին լրանում է հայ դասական բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակը: Նա լայն ճանաչում է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Մարո Մարգարյանն սկսել է տպագրվել դեռևս ուսանողական տարիներից (ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը): 1940 թ. լույս է տեսնում նրա առաջին գիրքը` «Մտերմություն» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն: Հետագա տարիներին հրատարակվում են նրա «Բանաստեղծություններ» ( 1945 թ.), «Մոր ձայնը» (1951 թ.), «Փշատենի» (1954 թ.), «Լիրիկական լուսաբաց» (1957 թ.), «Լիրիկա» (1962 թ.), «Ձնհալից հետո» (1965թ.), «Լցված լռություն» (1972 թ.), «Օրերի խորքից» (1975 թ.), «Բանաստեղծություններ» (1978 թ.), «Նվիրումներ» (1982 թ.), «Բանաստեղծություններ» (1984 թ.), «Սիրո երգեր» (1984 թ.), և «Հատընտիր» (1985 թ.) խորագրերով բանաստեղծությունների ժողովածուները:
1967-1984 թթ. Մարո Մարգարյանն աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում և աշխատանքի բերումով եղել է սփյուռքի հայկական համայնքներում: Արդյունքում` նա գրել է «Սփյուռքի բարեկամներին» և «Օտար ափերի հայ դպրոցներին» բանաստեղծությունների շարքը:
1981 թ. նա դարձել է Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի դափնեկիր, իսկ 1983-ին` ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր («Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար): Եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ: 1985 թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։
Մարո Մարգարյանի բանաստեղծությունները գրված են հայրենիքի, բնության, սիրո, մայրության, հայապահպանության, մարդու էության բացահայտման և այլ թեմաներով:
Նա կատարել է նաև թարգմանություններ` ռուս, ուկրաինացի, չեխ, վրացի գրողների շուրջ 15 երկերից ու բանաստեղծությունների ժողովածուներից:


Տաթև ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2781

Մեկնաբանություններ